Ք. Քեյփթաուն, «Գրին Փոյնթ» մարզադաշտ, 14 հունիսի 2010 թ., ժամը 23:30: Մրցավար` Բենիտո Արմանդո Արչունդիա (Մեքսիկա): Օպտիմալ կազմեր Իտալիա- Բուֆոն, Ձամբրոտա, Կաննավարո (Բոնուչչի), Կյելլինի, Կրիշիտո, Պալոմբո (Մարկիզիո), Գատուզո, Դե Ռոսսի, Պեպե (Յակվինտա, Կվալյարելլա), Յակվինտա (Ջիլարդինո), Դի Նատալե (մարտավարությունը` 4-3-3): Պարագվայ- Վիլյար, Մորել (Կանիսա), Խուլիո Կասերես, Դա Սիլվա, Վերոն (Ալկարես), Վերա, Սանտանա, Ռիվերոս, Բարրետո, Բարրիոս, Սանտա Կրուս (մարտավարությունը` 4-4-2): Իտալիայի ընտրանին աշխարհի առաջնությունում ֆավորիտ չէ, սակայն կմեկնարկի աշխարհի չեմպիոնի կարգավիճակում: Այդ հանգամանքն իտալացիներին շատ բանով է ստիպում լավ խաղ ցուցադրել և դեմքով չհարվածել գետնին: Չնայած բոլորի համար էլ պարզ է, որ այս անգամ «Սկուադրա Աձուրան» այն չէ, ինչ չորս տարի առաջ էր: Իտալիայի հավաքականում մեծ թիվ են կազմում այն ֆուտբոլիստները, ովքեր բարձր մակարդակով նույնիսկ Չեմպիոնների լիգայում հանդես չեն եկել: Արդյոք, օրինակ, Դի Դատալեն, ունա՞կ է դառնալ Լիպպիի թիմի առաջատարը, երբ իր ողջ կարիերան անցկացրել է համեստ «Ուդինեզեում»: Իսկ Յակվինտային ու Կվալյարելային լավագույն հարձակվողների շարքին չես դասի անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Մրցակիցների հարգանքը կարող է առաջացնել միայն Ջիլարդինոն, բայց նույնիսկ նա ժամանակին չկարողացավ հաստատվել «Միլանում»: «Կապույտների» թիմի կադրային ճգնաժամը կապված է սերնդափոխության և ֆուտբոլիստների սահմանափակ թվի հետ: Չնայած «Ինտերը» հաղթեց Չեմպիոնների լիգայում, սակայն Մոուրինյոյի թիմն այդ հաջողությանը հասավ միայն օտարեկրացիների շնորհիվ: Մարչելլո Լիպպին երկար էր փնտրում` փորձելով գտնել լավագույն կազմը: Այդ նպատակով նա ընտրական փուլում հավաքական հրավիրեց 37 ֆուտբոլիստների: Ծերացող ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 2006 թ. առաջնությունում, դժվար թե կարողանան հիմա բարձր արդյունքներ ապահովել: Առաջին խաղում աշխարհի գործող չեմպիոնի մրցակիցն է Պարագվայի ընտրանին, որը, կարելի է ասել, աշխարհի առաջնության ամենակազմակերպված և պրագմատիկ թիմերից մեկն է: Այս հավաքականի խաղն ընտրական փուլում յուրահատուկ դիտարժանությամբ աչքի չի ընկել, սակայն «կամրասպիտակներին» հաջողվել է կայուն խաղ ցուցադրել և Մունդիալի ուղեգիր նվաճել: Պարագվայի ներկայիս թիմը շեշտը դնում է երկար փոխանցումների վրա` օգտագործելով արագ հակագրոհելու ունակությունը, ինչպես նաև հարձակվողների կարողությունը` կառչելու գնդակից: Հազվադեպ բացառություններով գլխավոր մարզիչ Մարտինոն նախապատվությունը տալիս է 4-4-2 մարտավարական սխեմային: Հավանաբար, պարագվայցիները հենց այդպիսի դասավորությամբ դաշտ կմտնեն նաև իտալացիների հետ այսօր երեկոյան կայանալիք խաղում:
|