Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին հայտարարել է, որ թիմի ավագ Ռոբի Քինը, ամենայն հավանականությամբ, թիմի մեկնարկային կազմում կմասնակցի "Եվրո-2012”-ի ընտրական փուլի Մակեդոնիայի հետ կայանալիք հանդիպմանը: 30-ամյա հարձակվողը "Տոտենհեմի” և "Վեսթ Հեմի” կազմում ընդհանուր առմամբ 383 րոպե է անցկացրել դաշտում, բայց, ինչպես կարծում է իտալացի մասնագետը, Քինի փորձը անփոխարինելի կլինի այս պատասխանատու հանդիպմանը, որտեղ Իռլանդիային միայն հաղթանակ է ահրաժեշտ: "Ես համոզված եմ, որ Ռոբին կկարողանա օգտակար լինել թիմին, - ասել է Տրապատոնին Setanta Sports-ին տված հարցազրույցի ժամանակ, - նա կարող է դաշտ դուրս գալ մեկնարկային կազմում և անցկացնել դաշտում մոտ 60 րոպե”:
"Ես հետևել եմ Ռոբիին մարզումների ժամանակ և վստահ եմ, որ մենք լավ արդյունքի կհասնենք”: Չորեքշաբթի օրը թիմին կմիանա "Ասթոն Վիլայի” կենտրոնական պաշտպան Ռիչարդ Դանը, ով ուսի վնասվածքի պատճառով մինչ այսօր մնում էր իր ակումբում, բայց Տրապատոնին համոզված է, որ նա ևսկհասցնի ապաքինվել մինչ շաբաթ օրը: Դեմիեն Դաֆը (գարշապար) և Շեյմուս Քոուլմենը (սրունք) բաց են թողել երեքշաբթի օրը կայացած մարզումը, հավաքականին առայժմ չի միացել նաև Դարոն Գիբսոնը, ով վնասել էր ոտքի մատը:
Մի փոքր վնասվածք է ստացել նաև "Նյուքասլի” հարձակվող Լեոն Բեսթը:
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի հետ խաղից հետո Իռլանդիայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ուրուգվայի հավաքականի հետ, և, ինչպես ավելի վաղ հայտնել էր "Լիվերպուլի” մարզիչ Դալգլիշը, իր թիմի հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա խաղալ: "Կարծում եմ, Ուրուգվայի հավաքականի հանդիպմանը Սուարեսը չի կարողանա մասնակցել”, - ասել է Քենի Դալգլիշը:
|