Երկար սպասված դերբին ավարտվեց: Ավարտվեց «Ռեալ Մադրիդի» օգտին: «Ռեալ Մադրիդը» տարավ հերթական հաղթանակը սեփական հարկի տակ` 3-2 հաշվով հաղթելով «Ատլետիկոյին»: Հաղթանակը կամային էր, քանի որ «Ռեալը» առաջին խաղակեսից հետո պարտվում էր 1-0 հաշվով: Հանդիպումը սկսվեց հանգիստ տեմպով: Վտանգավոր գրոհներ չկային ո'չ «Ռեալի» կատարմամբ, ո'չ էլ «Ատլետիկոյի»: Տպավորություն կար, որ թիմերը սպասում են ինչ-որ պոռթկման, բայց նման բան տեղի չունեցավ: «Ռեալի» դարպասի մոտ ստեղծված առաջին պահն ավարտվեց գոլով: Արբելոան ձախ եզրում չկարողացավ գնդակը հեռացնել դեպի մրցակցի կիսադաշտ, այն հայտնվեց Ֆորլանի մոտ, վերջինս թեթև փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ: Այնտեղ հերթապահող Ագուրեոն ընդունեց գնդակը և միանգամից փոխանցեց աջ եզրում ազատ կանգնած Ռեյեսին: Ռեյեսը ընդունեց գնդակը և գեղեցիկ հարված կատարեց Կասիլյասի դարպասին: Իկերը ի զորու չէր որսալ նման գնդակը: Հաշիվը դարձավ 1-0: Առաջ անցնելով նշենք, որ առաջին խաղակեսի լավագույն ֆուտբոլիստն էր հենց Ռեյեսը: Չէին երևում «Ատլետիկոյի» հարձակման երկու առաջատարները` Ֆորլանը և Ագուերոն: «Ռեալի» պաշտպանները շատ լավ էին հսկում երկուսին էլ: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա առաջին խաղակեսում Պելեգրինիի սաները կարելի է ասել ոչնչով աչքի չընկան, բացառությամբ Ռոնալդուի երկու վտանգավոր հարվածների: Մեկի դեպքում գնդակը անցավ դարպասաձողի կողքով, իսկ երկրորդ պահի ժամանակ պորտուգալացուն չհերիքեց նշանառությունը: Ալոնսոն գնդակը կախեց տուգանային հրապարակի վրա և այնտեղ հայտնված Ռոնալդուին մնում էր միայն գնդակը ճիշտ ուղղել դեպի դարպասը, բայց չստացվեց: Առաջին խաղակեսը այդպես էլ ավարտվեց` 0-1: Երկրորդ խաղակեսում մենք տեսանք լրիվ ուրիշ «Ռեալ»` մանավանդ առաջին 15-20 րոպեների ընթացքում: Կարելի է ասել, որ «Ռեալի» խաղացողները հանդիպման ելքը վճռեցին հենց այդ րոպեների ընթացքում` երեք գնդակ ուղարկելով Դե Խեայի դարպասը: Առաջին գնդակը խփեց Ալոնսոն: Այս գոլը շատ նման էր անցյալ տուրում «Խետաֆեի» դարպասը խփած գոլին, բայց այս անգամ կիսապաշտպանը հարվածեց ոտքով: Հաշիվը դարձավ 1-1 և «Ռեալը» սկսեց էլ ավելի մեծացնել ճնշումը: Կար տպավորություն, որ հերթական գոլը իրեն երկար սպասեցնել չի տա: Եվ ահա այս անգամ հիանալի վարպետությամբ աչքի ընկան Իսպանիայի հավաքականի երկու խաղացողներ` Խաբի Ալոնսոն և Ալվարո Արբելոան: Առաջինը խորքից հիանալի ոսկերչական ճշգրտությամբ փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակ: Արբելոան ընդունեց գնդակը, մի փոքր առաջ շարժվեց, խաբս տվեց Ույֆալուշիին և սառնասրտորեն գրավեց մրցակցի դարպասը: Հաշիվը դարձավ 2-1: Դրանից անցավ ևս մի քանի րոպե, երբ աջ եզրում լավ խաղաց Գրաներոն, տեղափոխվեց դեպի կենտրոն, փորձեց փոխանցում կատարել, բայց գնդակը պատահական դիպավ պաշտպանի ոտքին և հայտնվեց Իգուաինի մոտ: Վերջինս չէր կարող չօգտվել պատեհ առիթից: Ստացավ գնդակը և հարվածեց դարպասին: Հաշիվը դարձավ 3-1: Դրանից հետո խաղը մի քիչ սառեց: Թիմերը կարծես համակերպվել էին խաղի նման ընթացքի հետ: Դրվագներից մեկի ժամանակ անփույթ խաղաց Մարսելոն: Բրազիլացին գնդակը հանգիստ մրցակցի կիսադաշտ ուղարկելու փոխարեն փորձեց գեղեցիկ խաղալ սեփական տուգանային հրապարակում և սխալվեց, ինչի պատճառով ստիպված էր գնդակը հանել անկյունային: «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները խաղարկեցին անկյունայինը, որի արդյունքում գնդակը դիպավ Ալոնսոյի ձեռքին և մրցավար Մալիենկոն ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Գնդակին մոտեցավ Ֆորլանը և անվրեպ իրացրեց հարվածը: Հաշիվը դարձավ 3-2: Հանդիպումը կամաց-կամաց մոտենում էր ավարտին, բայց բացի այդ երկրորդ գոլից «Ատլետիկոյի» խաղացողների մոտ ոչինիչ չստացվեց: Հանդիպումը ավարտվեց այն նույն հաշվով, ինչ որ գրանցվել էր առաջին խաղաշրջանի խաղում: «Ռեալը» այս հաղթանակից հետո մնաց նույն դիրքում և շարունակում է հավասար միավորներով կիսել առաջին հորիզոնականը «Բարսելոնայի» հետ: |