ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի նախօրեին «Ինտերի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն UEFA.com-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպիսի դեր է խաղացել նրա կարիերայում «Բավարիայի» ներկայիս մարզիչ Լուիս վան Գալը: Եթե կա մի մարդ, որն օգնել է պորտուգալացուն վերջնականապես հավատալ սեփական ուժերին, ապա դա «Բավարիան» գլխավորով Լուիս վան Գալն է: Շաբաթ օրը Ժոզե Մոուրինյոի և իր նախկին ուսուցչի թիմերը կմրցեն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: 1997թ.-ին փոխարինելով «Բարսելոնայի» մարզիչ Բոբբի Ռոբսոնին` վան Գալը միանգամից հասկացավ, որ Մոուրինյոն կարևոր դեր է զբաղեցնում ակումբի մարզչական կոմիտեում: Իր մասնագիտության ամենաէլեմենտար մանրուքները Մոուրինյոն բացահայտել է լեգենդար անգլիացի մասնագետի հետ: Սկսելով թարգմանչի պաշտոնից` պորտուգալացին հետևել է Ռոբսոնին «Սպորտինգից» մինչև «Պորտու», իսկ այնուհետև` «Բարսելոնա»: Երբ անգլիացին լքեց Կատալոնիան, վան Գալը վերցրեց հավակնոտ Մոուրինյոին իր հովանավորության տակ: «Երբ ես հարցրի վան Գալին հայրենիք վերադառնալու և «Բենֆիկայի» գլխավոր մարզչի օգնական աշխատելու մասին, նա խորհուրդ տվեց չանել այդ բանը: Լուիսն ասաց ինձ. «Համաձայնվիր միայն գլխավոր մարզչի պաշտոնին: Եթե «Բենֆիկան» առաջարկի քեզ այդ պաշտոնը, համաձայնվիր, իսկ եթե խոսքը գնում է օգնականի պաշտոնի մասին, դու կմնաս այստեղ… Վան Գալը շատ ինքնավստահ մարդ է: Նա սովորեցրել է ինձ, թե ինչպես մարզել ֆուտբոլիստներին: Երբեմն նա ինձ թույլ էր տալիս ղեկավարել «Բարսան» ընկերական հանդիպումների կամ Կատալոնիայի գավաթի խաղերի ժամանակ: Նա շատ մեծ դեր է խաղացել իմ պրոֆեսիոնալ զարգացման հարցում», - հիշում է պորտուգալացի մասնագետը: «Վերջին անգամ մենք տեսնվել ենք 2000թ.-ին, հետևաբար, անցել է 10տարի, - ասում է Մոուրինյոն, - չեմ կասկածում, Լուիսն այժմ փոխվել է, բայց, այնուամենայնիվ, նա մնում է հանճարեղ մարզիչ և արտակարգ մարդ: Ես շատ եմ ուզում հաղթել Չեմպիոնների լիգան հենց այս ֆուտբոլիստների, այս թիմի և այս երկրպագուների հետ: Ես երազում եմ այդ մասին և առաջին հերթին այն պատճառով, որ «Ինտերը» վաղուց չի նվաճել Չեմպիոնի գավաթը»: