"Բարսելոնայի” հարձակվող Բոյան Կրկիչը 20 տարեկան հասակում հասցրել է 100 հանդիպում անցկացնել Իսպանիայի առաջնությունում, ավելի վաղ հասակում դա հաջողվել էր միայն Ռաուլին և Խոսեբ Էչեվարիային: Կատալոնական Sport թերթին տված հարցազրույցի ժամանակ նա խոսել է իր հեռանկարների մասին "Բարսելոնայում” և հայտարարել, որ մտադիր է մնալ հարազատ ակումբում: - Դուք Իսպանիայի առաջնությունում 100 հանդիպում եք անցկացրել: Այս թիվը Ձեզ համար որևէ բան նշանակու՞մ է: -Դա շատ կարևոր արդյունք է: Այն, որ ես այս տարիքում նման արդյունքի եմ հասել, միայն վստահություն է ներշնչում: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իմ մակարդակը համապատասխանում է այս հզոր ակումբին, և ես հույս ունեմ դեռ երկար ժամանակ խաղալ այս ակումբում: Այս մրցաշրջանում իմ նպատակն է առավելագույնս կենտրոնանալ և հնարավորինս լավ խաղ ցուցադրել: Ես շատ եմ ուզում հանդես գալ "Բարսելոնայում” և պայքարելու եմ դրա համար: Ինձնով հետաքրքրված են մի շարք լավ թիմեր, և դա նշանակում է, որ ինձ գնահատում են` որպես լավ ֆուտբոլիստի: Բայց ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում և մտադիր եմ ապացուցել, որ արժանի եմ "Բարսելոնային”:
|