Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով իր թիմի հետ ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, հարցազրույց է տվել բրիտանական Daily Mail-ին, որի առավել հետաքրքրական մասերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Կորուստների և նոր ձեռքբերումների մասին «Կորցրեցինք փորձառու շատ ֆուտբոլիստների՝ Բրաունին, Օ'Շիին, Վան Դեր Սարին, Սքոուլզին և Նևիլին, որոնք շատ բան են արել ակումբի համար: Փոխարենը ետ վերադարձրեցինք Ուելբեկին և Կլևերլիին, ինչպես նաև ձեռք բերեցինք Յանգին, Դե Խեային և Ջոնսին: Կարևոր է, որ կան Վիդիչը, Էվրան և Ֆերդինանդը, որոնք նշանակալի դեր ունեն թիմում» Չեմպիոնական 19-րդ տիտղոսի մասին «Երբեք չեմ մտածել դրա նշանակության մասին, սակայն տպավորիչ էր: Մեծ բազմություն էր սպասում, որպեսզի տոնի մեզ հետ: Եթե չեմ սխալվում, 25 հազար մարդ էր դուրս եկել փողոց» Յունայթեդում անցկացրած 25 տարիների մասին «Երբ լրացավ տաս տարին, կարծում էի, թե դա մեծ ձեռքբերում է: Սակայն տարիներն անցնում էին, իսկ պահանջներն ավելի էին մեծանում: Տարվա վերջում կդառնամ 70 տարեկան, սակայն մտքում չունեմ մի ժամանակահատված, թե երբ կհեռանամ: Նույնիսկ չեմ մտածում դրա մասին» Մանչեսթեր Սիթիի՝ Անգլիայի գավաթը նվաճելու մասին «Շատ կարևոր էր Սիթիի համար: Գավաթի նվաճումը մեծ դեր է ունի, քանի որ մարզչի վրայից հեռացնում է ճնշումը և հույսով է լցնում ֆուտբոլիստներին» Լիվերպուլի մասին «Չգիտեմ, թե կկարողանա արդյոք տիտղոսի արժանանալ, սակայն բավական առաջընթաց է արձանագրել: Կարծում եմ, որ դժվար կլինի ակումբի համար հաղթել առաջնությունում» Չելսիի և Անդրե Վիլաշ-Բոաշի մասին «Ինձ համար անակնկալ էր, քանի որ Բոաշը շատ երիտասարդ է: Դա կօգնի Չելսիին, որն ունի ամենափորձառու կազմը մեր առաջնությունում» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին «Եթե հիմա էլ խաղայինք, ոչ մի փոփոխություն չէի կատարի: Չկա որևէ իմաստ: Արեցինք այն, ինչ անհրաժեշտ էր» Ուեսլի Սնեյդերի մասին «Ոչինչ չի երևում հորիզոնում: Չեմ կարող ասել ինչ-որ բան Սնեյդերի մասին, քանի որ ահավոր դժվար է նրան ձեռքբերելը»
|